Category Archives: Հրաչուհի Ալիխանյան

ԻՄ ԴԻԼԻՋԱՆԻՆ – Հրաչուհի Ալիխանյան

Հեղինակ` Հրաչուհի Ալիխանյան
Երաժշտություն` Secret Garden – White Stones – Illumination

ԻՄ ԴԻԼԻՋԱՆԻՆ

Գեղօթյակ իմ հեզ`
Զարդարած լճով Պարզ, գեղեցկափայլ,
Թեթևաքայլ հույզ,
Թաքստոց շոյված իմ երազների,
Թելադրանք հոգու,
Արձագանք սրտի,
Արյան կանչալար,
Հարազատ հմայք`
Ծնված ծառերի խուլ շշուկներում:

Քո գրկում ծնված ամեն մի թուփը իր հոգին ունի,
Քո շնչով լցված ամեն մի զեփյուռ իր հուզմունքն ունի,
Կարոտս խմբվել, նեցուկ է փնտրում ներփակ հույզերի
Հայրենի հողում, զուլալ երկնքում, թավհոն անտառում
Ու նրբիկ սրտում իմ Դիլիջանի:

Քո լռությունն եմ ես լսում հիմա,
Կլանում ագահ կարոտով լցված,
Երանությունը այս երջանկահամ
Քո լռությամբ է զուգված, զարդարված:
Փաթաթված փարթամ անտառագորգով,
Ստվերված ամպերով բյուր, կապտափետուր,
Փռված ժպիտով բազմահրապույր
Անշեղ դու օրհնանք անշշուկ երգում:

Չափահաս հմայք` Աստծո բարեհաճ ձեռքով նկարված
Երկնաշնորհ զարդ` բնության ուժով դարեդար կերտված,
Բարեբեր լրում թավասաղարթ այս ճոխ անտառների
Եվ թանձրալեզու կարոտով լցված խուլ հանդարտումի:

Երբ օրն է բացվում` քո մաքուր օդով լցված ծեգաբաց,
Քո զուլալ ջրում թխահոն գիշերն է նահանջով սուզվում,
Իսկ երեկոյան ձայնակուլ օդը աղմուկով լցված
Իր մեջ է քաշում Աղստևի խենթ երգը վարարուն:

Այս բնությունն է իմ աչքերի մեջ երազաշողված,
Անռատը, գգված իր հող ու ջրին, ծաղկունք է հեղում,
Արքունադրոշմ ծառաշվաքով սիրով պարուրված,
Հրաչյա արևն էլ իր բոցալեզու, հրատ աչքերով
Աչքով է անում
ԻՄ ԴԻԼԻՋԱՆԻՆ:

24/06/2010

Advertisements

Leave a comment

Filed under Հրաչուհի Ալիխանյան

ԿԱՆԳ ԱՌ, ԺԱՄԱՆԱԿ – Հրաչուհի Ալիխանյան

ԿԱՆԳ ԱՌ, ԺԱՄԱՆԱԿ
Հեղինակ` Հրաչուհի Ալիխանյան
Երաժշտություն` Richard Clayderman -La ballade de caramandiana-snook

Կանգ առ, ժամանակ:
Ես մոլորվել եմ`
Հարբած քամու պես կարծես ընկնելով
Քո մառախուղի շշմահար ցանցի ձեռքն
Ու տրվել եմ ես թմրեցումի:
Կարծես տրվել եմ գիտխորհուրդ հանգիդ
Անորոշ դարձած գրկախառնումին,
Որ կշռութային իր մոտեցումով
Մերթ մթնաթույր է,մերթ ժամ լուսածին:

Կանգ առ պահանջելիք քո պահվտուքի
Ծալքերում պահված հույզերի պահին,
Դարձիր մեղեդի մի երկարածոր
Եվ ծորա կամաց,
Երկնքից իջնող օրհնանքի ուժով
Տրվիր ներկային:

Դու գիտես ձևը ծպտյալ կանգառի:
Կանգառի, որտեղ չի մեռնում երբեք հիշողությունը:
Դու գիտես տեղը նրբիկ սահմանի,
Որտեղ մերվում են մեր հինն ու նորը,
Ապագան, ներկան
Ու պատմությունը:

Նոր ուժ տուր ապրած ու ապրող հույզին,
Կանգ առ երջանիկ ու
Աստվածային ջինջ ողողանքով լի աչքերի մեջ:
Ոճաբան կյանքի ճոխության ներտաշ
Թեական խոսքի,
Եվ ճշտով օծված զուլալ մաքրությամբ
Մինչև կոկորդը լցված պարզության
Օրինածին սուրբ թելադրանքի մեջ:

Կանգ առ, ժամանակ:
Եվ թող խնջույքիդ մասնակից դարձած
Անբաժան րոպեն իր պարը պարի
Ամոթից շիկնած հեզ վայրկյանի հետ:
Թույլ տուր միանան
Քո հավերժության գույներով ներկված
Ու մառախուղված շշմահար ցանցի մոլորումի մեջ,
Սակայն ո՜չ ստիպված,
Ո՜չ թելադրանքով ժամանակների,
Այլ կյանքի մանած ճոխ կախարդանքով:

Կյանքը լցվում է խուլ թակոցներով
Խենթ ժամացույցի,
Պարուրվում շնչով ու սրտազարկով
Սկզբնաստեղծ ժամի ու ժամանակի:

Կանգ առ չհատվող բևեռների մեջ,
Կանգ առ չխաչվող գիշեր – ցերեկվա
Ու նրանց ծնող լույսի – մթի մեջ:
Կանգ առ նվագուն պճնազարդությամբ
Դեպ առաջ տանող նպատակամետ
Կույր սլաքների,
Եվ դեպ ետ կանչող,
Հոգու լարերը անխնա ձայնող
Թրթիռների մեջ:

Կա՜նգ առ, ժամանա՜կ:
Ես մոլորվել եմ…
Տարահնչուն ես,
Եվ պռկեպռունկ լցված ետընթաց մտքի խենթությամբ,
Երազկոտությամբ…
Կա՜նգ առ, ժամանա՜կ:

17/07/2010

Leave a comment

Filed under Հրաչուհի Ալիխանյան

ՊԱՏԱՍԽԱՆ ՔՈ ՀԻՇԵՑՈւՄԻՆ … – Հրաչուհի Ալիխանյան

Հեղինակ` Հրաչուհի Ալիխանյան
Երաժշտություն` Keiko Matsui – Midnight Stone

” ԵՍ ՈւԶՈւՄ ԵՄ,
ՈՐ ԻՄԱՆԱՍ`
ԻՄ ՄԵՋ ԵՍ ԱՊՐՈւՄ
Ու ՄԻՇՏ ԿՄՆԱՍ:
ԴՈւ ԱՊՐՈւՄ ԵՍ ԻՄ
ՀՈԳՈւ ԽՈՐՔԵՐՈւՄ:
ՄԻՇՏ ՊԻՏԻ ԱՊՐԵՍ “… ( Հ.)

Երբեք մի ասա ոչ մի բառ այնպես,
Ի միջի այլոց:
Քո ամեն խոսքը իմ սրտում դառնում է
Հավատի ամրոց:
Քո ամեն խոսքը փորագրվում է
Սրտիս խորքերում,
Ու նվվում իմ մենակ մնացած սիրո
Խոր սպիներում:

Փաստորեն, արդեն դու լինես, թե ոչ,
Իմ կյանքում, Հոգիս,
Այս ցավով ես միշտ պիտի տառապեմ,
Փնտրեմ ինքս ինձ:

Քո ամեն միտքը կյանքիս դարձել է լույս,
Միակ փարոս,
Բայց ցավո՜՛ք, ցավո՜ք…
Փորձում ենք փախչենք ինքներս մեզնից,
Փորձում ապրենք այն,
Ինչ ստացանք կյանքից:
Այո:
Բայց մի միտք հանգիստ չի տալիս…
Ո՞ւր պիտի փախչենք ինքներս մեզնից:
Դո՛ւ ինքդ քեզնից ո՞՜ւր ես փախչելու:

Անսպասելի մի միտք ճառագեց`
Հանկարծ մի տագնապ
(Ինքս էլ չհասկացա, թե ինչու եկավ,
Ու ինչի՞ համար):
Ես կորցրեցի ինձ, մոլորվեցի,
Եվ խելակորույս
Կարիք զգացի պաշտպանել սերս…
Բայց…
Ումի՞ց….
Քեզնի՞ց…

Ահավո՜ր զգացում:
Փո՞րձ է, թե՞ փորձանք:
Ես քայքայվում եմ այս սպիների
Խուլ նվնվոցից,

Ես քայքայվո՜ւմ եմ…

Երբեք մի ասա ոչ մի բառ այնպես,
Ի միջի այլոց:
Քո ամեն խոսքը իմ սրտում դառնում է
Լույսի, հավատի խավարա՜ծ ամրոց:

Քո պարզած ձեռքում
Ես լույս եմ տեսնում,
Ու միաժամանակ մի մո՜ւթ լռություն:
Տուր ինձ քո ձեռքը:
Քո ձեռքում հիմա
Իմ լույսն է ապրում,
Թե՞ խավարն անգութ
Անսիրտ, անխնա
Խո՜ր լռությունում:

13.12.2009

Leave a comment

Filed under Հրաչուհի Ալիխանյան

ՀԱՅՐԻԿ – Հրաչուհի Ալիխանյան

ՀԱՅՐԻԿ (Հայրիկիս` Հենրիկ Հրաչիկի Ալիխանյանին)
Երաժշտություն` “Դլե յաման”
Հեղինակ` Հրաչուհի Ալիխանյան

Դե, բարև, Հայրիկ…

Ահա և նորից մենք հանդիպեցինք:
Այս անգամ արդեն ոչ թե երազում,
Ու ոչ էլ, ավա՛ղ,
Ոչ,
Իրականում:
Ես քո շիրմի մոտ
Կանգնած եմ թևատ,
Խոսում եմ քեզ հետ,
Իսկ դու ժպտում ես նկարից գունատ,
Կարծես զսպելով ձայնդ լացախեղդ:
Նորից լեղահամ այս ցավը հզոր
Սիրտս է լցվում,
Զգո՛ւմ ես կանչս` վաղուց մենավոր,
Որ քեզ է կանչում:
Առանց հարազատ ու ջերմ աչքերիդ
Լրիվ մենացել,
Առանց հայրական սուրբ խրատներիդ
Ես որբ եմ դարձել:
Առանց քո տաքուկ, սիրող հայացքիդ
Լրիվ քարացել…
Եվ քո իմաստուն ու խոր մտքերին
Կարոտ մնացել:

Դե, ահա, Հայրիկ,
Նորից միասին,
Դեմ – դիմաց նստած,
Ես նայում եմ քեզ,
Իսկ դու իմ կյանքին
Շա՛տ վաղուց մեռած:
Հոգնել են երգերս
Կյանքի անիմաստ խաչմերուկներում,
Մոլորվել այնքան,
Որ հոգուս կանչին արդեն չեն ձայնում:
Օգնի՛ր ինձ, Հայրիկ,
Օգնիր մոռանամ ես ունայնությունն,
Օգնիր մոռանամ…
Ու վերադառնամ ես իմ մանկություն…
Գոնե երազով,
Գոնե պատրանքի թևով բազմալիք
Ետ վերադառնամ,
Փարվեմ քեզ սիրով իմ կարոտալի:
Թողնեմ այս անվերջ
Ու անխիղճ դարձած հերյուրանքը կյանքի,
Գոնե երազով ես անհոգ զգամ`
Զգալով կողքիդ:
Նայեմ աչքերիդ ամենաբարի,
Ինձ փոքրիկ զգամ,
Իսկ դու մանչուկիդ, անզոր, պաշտպանիր,
Ուժ տուր
Ու հզոր հայրական պատգամ:
Քո մահով, կարծես,
Փշրվեց աշխարհն ու
Ես անտուն դարձա,
Դարձա ես անտեր,
Դարձա անհավատ,
Ես անզորացա՛:
Օգնիր ինձ, Հայրիկ,
Օգնիր չծալվեմ դժվարության դեմ,
Չէ որ քեզ նման,
Այո՛, քեզ նման,
Ես շա՛տ հպարտ եմ:
Գրկիր ինձ, Հայրիկ,
Գոնե մեկ անգամ
Համբուրիր, Հայրի՛կ:
Իմ սրբությունն ես,
Մատուռը հոգուս,
ՕՐՀՆԻ՛Ր ԻՆՁ, ՀԱՅՐԻ՛Կ:

5.07.2010

Leave a comment

Filed under Հրաչուհի Ալիխանյան

Մոռացություն բեր – Հրաչուհի Ալիխանյան

Հեղինակ` Հրաչուհի Ալիխանյան
Երաժշտություն` Secret Garden – White Stones – Appassionata

“Մոռացություն բեր”

Ցնցի՛ր ուսերս, խնդրում եմ, ցնցիր,
Ինձ ուշքի դու բեր,
Ցնցի՛ր, ցնցումով մի զգայացիր
Մոռացությո՛ւն բեր:
Հուշիր, թե ինչպես հիմա առանց քեզ ես պիտի ապրեմ,
Ինչպես հուշեցիր,
Թե ինչպես քեզնով ու քեզնում շնչեմ:
Ցնցի՛ր ուսերս ` ցնցելով հոգուս փակուղիները,
Որտեղ ամենուր քեզ եմ ես պահել,
Ցնցիր հույզերս, ցնցելով մտքիս անցուղիները,
Որտեղ ամենուր քեզ եմ փայփայել:

Սովորեցրիր ինձ սիրել ու սիրվել…
Տվեցիր հրաշք, հուր նվիրեցիր:
Հուրն այդ հիմա իմ աչքերին տիրել,
Այրվում է սիրուց քո անծայրածիր:
Ցնցիր, որ թափվի աչքերիս հուրը,
Ցնցիր, թող լույսը աչքերիս թափվի,
Առանց քեզ , սեր իմ, կյանքս թափուր է,
Առանձնությունը, ավա՜ղ, հարթմնի:

Բերածո սերդ իմ միջից հանիր,
Տար այն նորից ետ,
Տանջում է ինձ այն:
Դու կարող ես հեշտ, առանց սոսկումի,
Սերն այդ մանրացնես, սպանես անձայն:

Ցնցի՛ր ուսերս,
Թող, որ ցնցումից
Թափվեն հույսերս ու …
Սե՜րս թափվի։
Սեղմիր քունքերս,
Ու քո ձեռքերից
Իմ զարկերակը, թող, որ սթափվի:
Հետո սեղմիր ինձ կրծքիդ մե՜կ անգամ,
Մի վերջին անգամ…
Առաջի՜ն…
Վերջի՜ն…
Առանց վայրկյան իսկ նույնիսկ վարանման,
Այդ պահի համար ես կյանքս կտամ:

Սեղմիր ինձ կրծքիդ:
Թող ցրտությունդ գոնե գեթ մի պահ
Մոռացվի հանկարծ,
Երանի, որ ես զգամ հպումդ,
Նայեմ աչքերին քո խորաթափանց,
Քո պինդ ձեռքերում
Դառնամ բյուրեղիկ,
Ու բնազդաբար առկայծեմ սերն իմ:
Քո գրկում դառնամ անզոր մի կնձիկ`
Քեզնով ջերմանամ:
Եվ վերջին անգամ ասեմ…
Սիրո՜ւմ եմ…

Հավերժ…

Անսահման…

12.03.2010

Leave a comment

Filed under Հրաչուհի Ալիխանյան